4 մայիսի 2010 - 13:11 AMT
Սերգեյ Միրոնով. Մենք հպարտանում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների թվում շատ են նաև հայերը

Մեծ հաղթանակը միավորում է ժողովրդներին ու երկրներին, անկախ քաղաքացիությունից ու ազգությունից: Մենք հպարտանում ենք նրանով, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների թվում քիչ չեն ձեր հայրենակիցները: Հայաստանի շուրջ 600 հազար որդիներ ու դուստրեր մարտնչել են այդ սարսափելի պատերազմի ռազմաճակատներում, 90 հայեր արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Այդ մասին ասվում է ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի շնորհավորական ուղերձում:

«Մեր եղբայրական ժողովրդները փրկեցին մարդկությունը ֆաշիզմից: Այսօր մեր խնդիրն է պահպանել պատմական հիշողությունը, թույլ չտալ, որ Հայրենական մեծ պատերազմի արդյունքները խեղաթյուրվեն ու կեղծվեն: Դարավոր ռուս-հայկական բարեկամությունը, որ կոփվել է պատերազմի դաժան տարիներին, հետագայում ևս կամրապնդվի նոր սերունդների կողմից: Ես ցանկանում եմ վետերաններին առողջություն, երկար տարիների կյանք, շրջապատի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը, հոգու ջերմությունը”,-ասվում է Ս.Միրոնովի ուղերձում: