«Ամերիա» ՓԲԸ –ն աջակցելու է Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության 2008-2012 տնտեսական քաղաքականության ուղղություններից մեկը օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու արտահանման խթանումն է: Այս կապակցությամբ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվել է դրամաշնորհ` Զարգացման Հայկական Գործակալության (ԶՀԳ) ենթակառուցվածքային հզորությունների և անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով: Այս ծրագրի շրջանակներում, «Ամերիա» ՓԲԸ հանդես է գալիս որպես ԶՀԳ խորհրդատու` ՀՀ-ում արտահանման խթանման և ձեռնարկատիրական զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ:

«Ամերիան» արտահանման խթանման ռազմավարության մշակման ընթացքում կհետազոտի Հայաստանի արտահանման պոտենցիալը և մրցակցային դաշտը, ինչպես նաև կմաշկի արտահանման զարգացմանն ուղղված հնարավոր լուծումներ` համաշխարհային տնտեսության հետճգնաժամային իրավիճակի պայմաններում:

Ամերիան աշխատանքներն իրականացնելու է փուլերով, մեկ տարվա ընթացքում: Աշխատանքային գործընթացն ընդգրկելու է արտահանման թիրախային հատվածների ընտրություն և այդ հատվածներում արտահանման խոչընդոտների և սահմանափակումների բացահայտում: Ընդ որում, Ամերիան իրականացնելու է արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների մրցունակության և պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործիքների մշակում և ծրագրերի նախաձեռնում` միջազգային լավագույն փորձի հիման վրա: Արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների համար, որոնք կընտրվեն նախապես, կկատարվի թիրախային շուկաների ընտրություն և կցուցաբերվի աջակցություն` թիրախային շուկաների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Ամերիան ԶՀԳ-ին նաև աջակցություն է ցուցաբերելու տեղեկատվական բազայի ստեղծման գործում, որը ներառելու է հիմնական թիրախային շուկաների պահանջները, ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվելու ԱՊՀ, Եվրամիության, Մերձավոր Արևելքի և հյուսիսամերիկյան շուկաներին: Միաժամանակ աջակցություն է ցուցաբերվելու ընտրված ձեռնարկություններին` արտահանման զարգացման ռազմավարության մշակման գործում և շուկաների ներգրավման նախնական փուլում, ինչպես նաև նրանց գործարար կապերի զարգացման, նոր կապերի նախաձեռնման, արտահանման պայմանագրերի ստորագրման գործում:

«Ամերիա» ՓԲԸ Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» խմբի մասը լինելով` «Ամերիան» տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---