4 մայիսի 2010 - 17:19 AMT
Ահմեդ Դավութօղլու. Հայ-թուրքական գործընթացն անդառնալի է

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարա վերադառնալուց հետո քննարկեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը թուրք մտավորականության ներկայացուցիչների հետ` հայտարարելով, որ մի քանի ամիս, անգամ շաբաթ անց կողմերը համաձայնության կգան այդ հարցում: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, Թուրքիայի ԱԳ նախարարին առաջարկեցին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում չկենտրոնանալ Բաքվի վրա:

Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտնեց, որ Արձանագրությունները մեռած չեն, և որ Թուրքիան թույլ չի տա, որպեսզի դա տեղի ունենա: «Եթե դուք նկատեցիք, ոչ ոք չհայտարարեց, որ Արձանագրությունները հետ են կանչվում»,- ասաց Թուրքիայի ԱԳ նախարարը` ավելացնելով, որ այդ գործընթացն անդառնալի է: Ընդ որում, նա նկատեց, որ Անկարան չի կարող Երևանի հետ որևէ հարաբերություններ սկսել` հաշվի չառնելով Բաքուն: «Եթե Ղարաբաղում կրկին վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա բացված սահմանը կրկին կարող է փակվել»,- նշեց Ահմեդ Դավութօղլուն: