4 մայիսի 2010 - 20:58 AMT
Արմեն Մարտիրոսյան. «Մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ ակտիվությունը կմեծանա»

Մոտ ժամանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ակտիվությունը կմեծանա, սակայն հիմնախնդրի վերջնական լուծման մասին խոսելը դեռևս շուտ է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, անհնար է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, քանի որ Ադրբեջանը շատ բան է պահանջում, իսկ Հայաստանի ղեկավարությունը չի կարող նման զիջումների գնալ, քանի որ հայ հասարակությունը կտրականապես դեմ է զիջումների:

Արմեն Մարտիրոսյանը Ադրբեջանի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավականին բարձր է գնահատում, սակայն նրա կարծիքով, իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի կարող ասել, թե երբ պատերազմը կվերսկսվի:

«Եթե հիմա Ադրբեջանը հակամարտությունը փորձի ուժով լուծել, դա անհամաչափ քայլ կլինի, քանի որ հայկական զինված ուժերը ոչ միայն կարող են կանխել այդ հարձակումը, այլև կարող են ջախջախիչ պատասխան հարված հասցնել», - ընդգծել է նա: