5 մայիսի 2010 - 16:21 AMT
Վիկտոր Կրիվոպուսկով. Մոսկվայի, Լենինգրադի ու Ստալինգրադի համար մղված մարտերը նաև հանուն Հայաստանի էին

Չնայած, որ Հայաստանի տարածքում պատերազմ չի եղել, հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարի առաջին շարքերում էր: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: «Մոսկվայի, Լենինգրադի ու Ստալինգրադի համար մղված կռիվները նաև հանուն Հայաստանի էին»,- ասել է Կրիվոպուսկովը: Նրա խոսքով, հայերը ռուսների հետ միասին քաջաբար կռվել են` արժանի օրինակ ծառայելով մյուսների համար: «Մոտ 600 000 հայեր մասնակցել են Հայրենական պատերազմին, գրեթե կեսը չի վերադարձել ռազմաճակատից: Քաջության ու հերոսության համար 104 հայեր արժանացել են Խորհրդային Միության Հերոսի կոչման, իսկ օդաչու Նելսոն Ստեփանյանն անդրկովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներից առաջինն էր, ով մարտական ծառայությունների համար արժանացավ Խորհրդային Միության կրկնակի Հերոսի կոչման»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդականը:

Ընդ որում, նա նշել է, որ այսօր Հայրենական մեծ պատերազմի մասին պատմության ճշմարտության համար պայքարը շարունակվում է: «Միայն ճշմարիտ պատմությունը կօգնի խելամիտ սերունդ ձևավորել»,- նկատել է Վիկտոր Կրիվոպուսկովը` ավելացնելով, որ ՄՊՀ գիտնականները, որոնք ԱՊՀ երկրների պատմության 84 գիրք են վերլուծել, նշել են, որ միայն երկու երկրների` Հայաստանի ու Բելառուսի դասագրքերն են, որ չեն խեղաթյուրել պատմությունն ու Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների պատմությունը: