5 մայիսի 2010 - 16:25 AMT
Սեյրան Օհանյան. Դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է ծառայի բանակում, հետո արդեն բուհ ընդունվի

«Յուրաքանչյուրը պետք է ծառայի Հայրենիքին, և, իմ կարծիքով, դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է ծառայի բանակում, հետո արդեն բուհ ընդունվի»,-լրագրողներին է ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ Հայաստանի օրենսդրությունը ենթադրում է, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի հայրենիքին: «Այլ բան, որ որոշ երիտասարդներ ջանում են շրջանցել այդ օրենքը: Այդ պատճառով էլ մենք այժմ աշխատում ենք զորակոչի մակարդակի բարձրացման վրա”:

Մագիստրատուրայում տեղերի կրճատման առիթով ուսանողների դժգոհության վերաբերյալ Օհանյանը նշել է, որ տեղերի քանակը համապատասխանում է 2-ամյա վաղեմության ցուցանիշներին` հավելելով, որ այդ գործողություններով պետությունը բարձրացնում է մագիստրատուրայի որակը:

«Ինչ վերաբերում է տեղերին ասպիրանտուրայում, ապա, ինչպես գիտենք, շատերը ընդունվում են ասպիրանտուրա միայն զինվորական ծառայությունից խուսափելու համար: Այսօրվա դրությամբ ասպիրանտուրայում բնական գիտություններին հատկացված է 8 տեղ, հումանիտար գիտություններին` 16, այն դեպքում, երբ հակառակը պետք է լինի, գտնում է Հայաստանի պաշտպանության նախարարը: