Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանը

Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանը

PanARMENIAN.Net - Կյանքի 81-րդ տարում իր մահկանացուն կնքեց արդի հայ կերպարվեստի խոշորագույն վարպետներից մեկը` Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանը:

Էդուարդ Արծրունյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 18.00-ին` Արաբկիր 29, տուն 6 հասցեում, վերջին հրաժեշտը` մայիսի 7-ին, ժամը 12-14-ը` Հայաստանի Նկարիչների միությունում:

Էդուարդ Արծրունյանը ծնվել է 1929 թ. դեկտեմբերի 28-ին, Լենինականում: Նախնական մասնագիտական կրթությունը ստացել է Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցում: 1944թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: 1947թ. մեկնել է Լենինգրադ, սովորել նախ Գեղարվեստի ակադեմիային առընթեր նկարչական դպրոցում, իսկ 1951-57թթ.` Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում: Ինստիտուտն ավարտել է գերազանցությամբ և սկսել մասնակցել հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսներին:

1961թ.-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: 1963թ. տեղափոխվել է Մոսկվա և գեղանկարչական գործունեությանը զուգահեռ ստեղծել պլակատների պատկառելի շարք: Արժանացել է ՀամԼԿԵՄ կենտկոմի, ԽՍՀՄ պաշտպանության նախարարության, ԺՏՆՑ-ի, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի, մեդալների: 1976թ.-ից ապրել և ստեղծագործել է Երևանում: Ստեղծագործական փայլուն հաջողությունների համար 1984-ին Է.Արծրունյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր, իսկ 1989-ին` ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում: Նրա ինքնատիպ ու բարձրարժեք աշխատանքները բազմիցս ներկայացվել են հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսներում, արժանացել ամենաջերմ գնահատականների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---