ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճում

ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճում

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճում տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակին:

Ինչպես հայտնում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղարը, համերգի կազմակերպիչներն են ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը և ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը` ՄԱԿ-ին կից ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցչությունների աջակցությամբ:

ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ամենանշանակալի նախագծերից է: Նրա նպատակն է ընդլայնել ստեղծագործ երիտասարդության պրոֆեսիոնալ և անձնական շփումների հնարավորությունը` ականավոր կատարողների և դիրիժորների հետ ելույթների միջոցով:

Հայաստանից նվագախմբում հանդես է գալիս 7 երաժիշտ.

Արամ Բեքնազարյանը` հարվածայիններ Լուսինե Հարությունյանը` ջութակ Աշոտ Դումանյանը` ջութակ Շաղիկ Մարտիրոսյանը` ջութակ Տաթևիկ Շահինյանը` ջութակ Վերոնիկա Վարդպատրիկյանը` ալտ Արտեմ Նաղդյանը` թավջութակ:

Այս եզակի կոլեկտիվի առանձնահատկությունն այն է, որ նվագախմբի հետ աշխատում են Համագործակցության լավագույն դիրիժորները: Այս տարի դա կլինի հայտնի երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը: Համերգին կմասնակցի նաև ականավոր դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դենիս Մացուևը:

Նշենք, որ մայիսի 10-ին նման համերգ տեղի կունենա նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում: Համերգին կմասնակցի ուկրաինացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Գավրիլյուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---