24 հոկտեմբերի 2001 - 21:57 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ, ԻԲՐԵՎ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒԻՆՆԵՐ» ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Բաքվի «Զերկալո» թերթը գրում է, որ այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի ներքին գործերի նախարար Բորիս Գրիզլովը ճեպազրույցի ժամանակ ճանաչել է Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» իրականացնելու Ադրբեջանի իրավունքը: Այդ հրատարակության մեկնաբանի հավաստմամբ` «Գրիզլովը հայտարարել է, որ Մոսկվայի կողմից Ադրբեջանին քաղաքական օգնություն ցուցաբերելու հարցերը կարող են քննարկվել, եթե պաշտոնական Բաքուն այնուամենայնիվ որոշի Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություններ անցկացնել»: Թերթը չի մեջբերում նախարարի խոսքերը, այլ տալիս այն շարադրությամբ, ինչը թույլ է տալիս կասկածել նրա խոսքերի մեկնաբանման բարեխղճության մեջ: Մոտակա ժամանակներս, երեւի թե, պետք է սպասել ռուսաստանյան նախարարի արձագանքը իր կողմից իրականում ասված արտահայտության նման մեկնաբանությանը: Հայաստանի պաշտոնական կառույցները դեռեւս ոչ մի կերպ չեն արձագանքել ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարություններին:
Արժե հիշեցնել, որ երկու շաբաթ առաջ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Անատոլի Կվաշնինը կտրականապես բացառել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ վերսկսելու հնարավորությունը եւ հայտարարել է, որ նման կոչերով հանդես եկող մարդիկ «մտավոր հետամնաց են»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: