Գեղամ Բաղդասարյան. Տեղեկատվական դաշտում հրադադարը բարենպաստ պայմաններ կստեղծի խաղաղ երկխոսության շարունակման համար,

Գեղամ Բաղդասարյան. Տեղեկատվական դաշտում հրադադարը բարենպաստ պայմաններ կստեղծի խաղաղ երկխոսության շարունակման համար,

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան ճակատում 1994 թվականին հաստատված հարդադարը կարևոր դեր է խաղացել հակամարտող կողմերի միջև ռազմական դիմակայության դադարեցման և բանակցային գործընթացի աշխուժացման գործում: Սակայն դա բավարար չէր հակամարտության վերջնական կարգավորման համար: Ավելին` ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ վիճակը և միջպետական պաշտոնական հարաբերությունների բացակայությունը վերջին տարիներին ոչ միայն նպաստել են լարվածության սրմանը հակամարտության գոտում, այլև աստիճանաբար ծանրացրել են ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ կոչվող ռազմաքաղաքական կշեռքի ՙոչ խաղաղություն՚ նժարը: Այդ մասին ասվում է Ստաեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի կոչում, որը հասցեագրված է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ների ղեկավարներին ու լրագրողական կազմակերպություններին:

«Եւ այս գործում, ցավոք սրտի, պարսավելի դեր է կատարում մասս-մեդիան: Շարունակվող և արդեն իսկ վտանգավոր թափ առած տեղեկատվական պատերազմը կամա-ակամա խաղում է, այսպես կոչված, հրետանային նախապատրաստության դեր, նպաստելով ուժային լուծման անխուսափելիությանը, լուծում, որն աղետալից հետևանքներ կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար:

Այս ոչ դյուրին իրավիճակում և 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի համաձայնագրի 16-ամյակի նախօրեին նպատակահարմար եմ գտնում հանդես գալ նախաձեռնությամբ, որը միտված է հակամարտության բոլոր կողմերի տեղեկատվական դաշտում ՙհրադադարի՚ հաստատմանը և ռազմական դիմակայության տարիներին ստեղծված ՙթշնամու կերպարից՚ աստիճանական հրաժարմանը: Վստահ եմ, որ տեղեկատվական դաշտում հրադադարը բարենպաստ պայմաններ կստեղծի ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղ երկխոսության շարունակման համար, կնպաստի իրական փոխզիջումների և փոխընդունելի լուծումների որոնմանը և այս հարցում կողմերի մասս-մեդիաների դիրքորոշումների մերձեցմանը:

Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին կոչ եմ անում նպաստել տեղեկատվական դաշտում 2010 թվականի մայիսի 12-ի 00 ժամի 01 րոպեից թշնամական գործողությունների դադարեցմանը: Սա առաջին հերթին նշանակում է հրաժարում այնպիսի հրապարակումներից, որոնք վիրավորում են ամբողջ ազգի ու նրա առանձին ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև ազգամիջյան թշնամանք ու պատերազմի քարոզչություն են պարունակում»,-ասվում է Բաղդասարյանի ուղերձում:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---