«Նարեկացի» կենտրոնում բացվել է Շուշիի ազատագրման 18-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին «Նարեկացի» արվեստների միությունում բացվել է Գայանե Շուշեցու ցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրման 18-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են արցախցի նկարչուհու մոտ 20 աշխատանքներ: «Մեզ համար շատ հաճելի է մեր կենտրոնում այս նկարները ցուցադրելը, առավել ևս հայ ժողովրդի համար այդպիսի խորհրդանշական օրվա` Շուշիի ազատագրման նախօրեին»,- իր ողջույնի խոսքում ասել է «Նարեկացի» արվեստների միության գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ավելացրել է. «Գայանե Շուշեցին վաղուց պետք է ցուցադրեր իր նկարները մեր կենտրոնում, բայց մենք որոշել ենք նվիրել նրա ցուցահանդեսը հենց Շուշիի Ազատագրման օրվան»: Ցուցահանդեսը տևելու է մինչև մայիսի 14-ը:

Գայանե Շուշեցին ծնվել է 1977թ-ին ԼՂՀ Շուշի քաղաքում: Արդեն 19 տ-ում մասնակցել է ցուցահանդեսների: 1997թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարանի գեղանկարչության ֆակուլտետ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Օդեսայում: Խմբակային ցուցահանդեսներով ներկայացել է Գերմանիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Օդեսայում, Մոսկվայում, Երևանում, Ստեփանակերտում: Մասնակցել է միջազգային սիմպոզիումների:

Գայանե Շուշեցու 250-ից ավելի աշխատանքներ գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում` Ֆրանսիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում և այլուր: Այժմ ապրում և ստեղծագործում է Ստեփանակերտում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---