8 մայիսի 2010 - 12:37 AMT
Հայաստանը կարևոր դերակատարում է ունեցել ֆաշիզմի դեմ համընդհանուր պայքարում

Մայիսի 6-ին Նյու Յորքում գումարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիսավոր նիստը` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակին, ուր ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԳԱ նախագահը, մի շարք երկրների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ Հայաստանը կարևոր դերակատարում է ունեցել ֆաշիզմի դեմ համընդհանուր պայքարում: Հաղթանակին իր զգալի նպաստը բերել է ողջ հայ ժողովուրդը: Պատերազմի հինգ տարիների ընթացքում` 1941 թ. հունիսից մինչև 1945թ. մայիսը մոտ 600 հազար հայորդիներ զինակոչվել են բանակ` այն ժամանակ, երբ Հայաստանի ամբողջ բնակչությունը 1,5 միլիոնից պակաս էր, 300 հազարը կռվում էին ռազմաճակատներում և նրանցից տուն չվերադարձավ յուրաքանչյուր երրորդը:

Դեսպանը նաև անդրադարձել է, որ Հայաստանում ձևավորվել են վեց ազգային դիվիզիաներ, որոնք կարևորագույն դեր են խաղացել Մեծ Հայրենականի ռազմաճակատներում: Դրանցից մեկը 1943 թ.-ին հայերից կազմված ”Սասունցի Դավիթ” տանկային շարասյունն էր, որի կազմավորումը ամբողջությամբ ֆինանսավորվեց հայկական սփյուռքի կողմից: Դեսպան Նազարյանն անդրադարձավ նաև հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում կռված բազմաթիվ հայերի հերոսությանն ու հանուն ընդհանուր հաղթանակի նրանց բերած ավանդին:

Ելույթում նշվել է նաև, որ խորհրդային բանակի պատմության պատվո էջերին ընդմիշտ գրված են հայազգի 3 մարշալների, 1 ծովակալ, 60 գեներալների, Խորհրդային միության 106 հերոսների և Փառքի 27 շքանշանակիրների և այլ քաջարի մարտիկների փառապանծ անունները:

Իր ելույթը եզրափակելով, Կարեն Նազարյանը նշել է նաև, որ Հայաստանում մեծապես գիտակցում են հաղթանակի և խաղաղության գինը և որ Հայաստանն այսօր հանձնառու է և հորդորում է մյուսներին` անցյալից դասեր քաղելու և հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը բազմապատկելու: Հիրավի, այս հանձնառությունն է մեր լավագույն տուրքը պատերազմի վետերաններին:

ԳԱ հանդիսավոր նիստին ՀՀ ներկայացուցչության հատուկ հրավերով ներկա էր Հայաստանեայց առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արք.Պարսամյանը, ինչպես նաև հայրենական պատերազմի վետերան` ծնունդով արցախցի Ալիշ Մաթևոսյանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի կենտրոնատեղիում բացվել է ֆոտոցուցահանդես “Հաղթել ենք միասին” խորագրով, որի կազմակերպանն օժանդակել և լուսանկարներ է տրամադրել նաև ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունը:

Մայիսի 7-ին ԳԱ դահլիճում տեղի ունեցավ Հաղթանակի օրվան նվիրված համերգ` ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: