«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մինչ 2011թ. սեպտեմբեր կկազմեն 180 միլիոն դոլար

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ներդրումները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում մինչ 2011թ. սեպտեմբեր կկազմեն 180 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ներկա գտնվեց Այգեզարդի (Արարատի մարզ) ինքնահոս համակարգի 2,5 կիլոմետրանոց հատվածի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ- Հայաստան» ծրագրի կողմից վերականգնվող Այգեզարդի ինքնահոս համակարգի ընդհանուր երկարությունը 8,5 կիլոմետր է. այսօր շահագործման հանձնված 2,5 կմ-անոց հատվածը կոռոգի 130 հա, իսկ ամբողջական շահագործման դեպքում հնարավոր կլինի ոռոգել մինչև 700 հա: Ներկայումս համակարգի հարակից տարածքում մշակվում է 400 հա տարածք, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Փոխվարչապետն ընդգծեց ոռոգման ենթակառուցվածքների բարելավման կենսական նշանակությունը գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար և կարևորեց «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կողմից Հայաստանի ոռոգման մայր ջրանցքների որոշ հատվածների, մի շարք պոմպակայանների, ինքնահոս համակարգերի վերանորոգումը, նոր ներտնտեսային ջրատարների դրենաժային համակարգի որոշ հատվածների վերականգնումը: Ա. Գևորգյանը նշեց, որ աշխատանքները կատարվել են որակով և հույս հայտնեց, որ մնացած աշխատանքները կիրականացվեն նախատեսված ժամկետներում:

Միջոցառման մասնակիցները ծանոթացան նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շահառու Աշոտ Աբրահամյանի տնտեսությանը, որտեղ ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ: Փոխվարչապետը ողջունելի համարեց ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը` նկատելով, որ դա կհանգեցնի նաև գյուղմթերքների գներում ջրի ինքնարժեքի բաղադրիչի նվազեցման և շուկայում տեղական գյուղմթերքի մրցունակության բարձրացմանը:

Ի դեպ, նախատեսվում է, որ Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման ոլորտում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ներդրումները մինչ 2011թ. սեպտեմբեր կկազմեն 180 միլիոն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---