«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը

PanARMENIAN.Net - «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ 2010 թվականի ապրիլի 21-ից հունիսի 2-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, նվագախմբերի կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է արվեստասեր հասարակայնությանը: Դասական երաժշտության քարոզչության, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակայնության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը:

Մայիսի 11-ին ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական վեցերորդ փառատոնի չորրորդ համերգը:

Ելույթ կունենա ՀՀ Ժողովրդական արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը:

Հինգ տարեկան հասակում Սվետլանա Նավասարդյանը հաճախել է դաշնամուրի առաջին դասին: Ինը տարեկանում` առաջին մենահամերգում, նվագել է Բախի 30 ստեղծագործությունները, 19 տարեկանում առաջին անգամ հաղթող է ճանաչվել Դաշնակահարների միջազգային մրցույթում: Տաղանդաշատ դաշնակահարը պարգևատրվել է ԽՍՀՄ Պատվո մրցանակով 1981-ին, արժանացել Հայաստանի Ժողովրդական արտիստի կոչմանը 1984-ին և Հայաստանի պետական մրցանակի 1988-ին` Բախի դաշնամուրի կոնցերտների ամբողջական կատարման համար:Սվետլանա Նավասարդյանը` հռչակավոր Յակով Զակի և Վաչե Ումր-Շատի սանը, շարունակելով Հենրի Նեյհաուսի ավանդույթները, պարբերաբար անցկացնում է մագիստրոսական դասընթացներ` կիսելով իր պրոֆեսիոնալ հմտություններն ու հնարքներն աշխարհի երիտասարդ երաժիշտների հետ:Մասնակցել է մի շարք միջազգային փառատոների:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շարունակական հովանավորության և աջակցության շնորհիվ:

2008-ից ծրագիրն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում, հաղորդում է «Արվեստների պատկերսրահ» մշակութային հիմնադրամի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---