10 մայիսի 2010 - 15:54 AMT
Կարեն Ավագյան. Գիտությամբ զբաղվելու համար բոլորովին պարտադիր չէ ընդունվել ասպիրանտուրա

Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում տեղերի կրճատման դեմ երիտասարդների ու ուսանողների բողոքի ցույցերը հասկանալի կլինեին, եթե նրանց ետևում կանգնած չլինեին քաղաքական ուժեր: Մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությունը: Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Ավագյանը հայտարարեց, որ այդ ակցիաները կազմակերպել էր «Ժառանգություն» կուսակցությունը` հերթական անգամ որպես քաղաքական ուժ ներկայանալու նպատակով: Պատգամավորը նաև հավանություն է տվել կրթության ու գիտության նախարարության դիրքորոշմանը` նշելով, որ ուսանողները հաճախ ընդունվում են ասպիրանտուրա միայն բանակից խուսափելու համար: «Տեղերի կրճատումը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուղղված է կրթության որակի բարձրացմանը, ոչ թե բանակի շարքերի համալրմանը»,-ասել է նա` հավելելով, որ եթե ուսանողն իրոք ցանկանում է գիտությամբ զբաղվել, ապա բանակից հետո ևս կկարողանա շարունակել իր ուսումը: Ըստ Ավագյանի, գիտությամբ զբաղվելու համար բոլորովին պարտադիր չէ ասպիրանտուրա ընդունվել:

Իր հերթին, Ստեփան Սաֆարյանն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ բանակն իր հույսերը կապում է 200-300 ուսանողների հետ: Նա նաև հերքել է իր գործընկերոջ փաստարկներն այն մասին, թե իբր բողոքի ցույցերը կազմակերպել էր «Ժառանգությունը»:

«Մեր կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն, անշուշտ, մասնակցում են այդ ակցիաներին որպես ուսանողներ, սակայն մենք մտադիր չենք դրան կուսակցական աստառ տալ»,-ասել է պատգամավորը: Նա հավելել է նաև, որ կրթության որակի բարձրացման համար հարկավոր չէ կրճատել տեղերի քանակը, պետք է ուղղակի օբյեկտիվ քննություններ ընդունել ասպիրանտուրայում: «Հակառակ դեպքում, անկախ այդ տեղերի կրճատումից, ասպիրանտուրա կշարունակեն ընդունվել իշխանավորների երեխաները»,-ասել է Ս.Սաֆարյանը: