10 մայիսի 2010 - 17:11 AMT
Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ դիմել է վարչապետին

Ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այս առնչությամբ գրությամբ ՀՀ վարչապետին է դիմել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: ՀՀ վարչապետին ուղղված գրության մեջ, մասնավորապես, ասվում է.«Ըստ սահմանված կարգի, նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի: Վերոնշյալ նախագիծն անմիջականորեն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին` աշխատանքի ընտրության ազատությանն ու աշխատանքային իրավունքների ու ազատությունների երաշխիքներին, սակայն չի ներկայացվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի»:

«Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նախագծի երկրորդ ընթերցումը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունենա սույն թվականի հունիս ամսից ոչ շուտ, ինչը հնարավոր կդարձնի մեր կողմից նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելը»,-ասվում է գրության մեջ: