10 մայիսի 2010 - 20:04 AMT
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, պատրաստակամ է իր դռները հանրակրթական դպրոցների աշակերտների համար բացելու հարցում: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի անցած ճանապարհը և ձեռքբերումները բացահայտելու հնարավորություն են ունեցել Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցի սաները: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել:

«Խելացի է նա, ով վաղվա մասին մտածում է այսօր: Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն իր ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետևելով, կամ պատահական ընտրությամբ, երբեմն էլ` հետևելով նախասիրությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կողմնակից է կրթության հետ համագործակցության այս մոդելին` վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձևավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը», - աշակերտների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հարցուպատասխանի ընթացքում աշակերտները տեղեկություններ ստացան ընկերության գործունեության մասին, իսկ դրան հաջորդած շրջայցը մասնաշենքում օգնեց մոտիկից ծանոթանալու հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: