11 մայիսի 2010 - 17:14 AMT
«Արտֆուդ» ընկերությունը մտադիր է 2010 թվականին ավելացնել արտադրության ծավալները 30 տոկոսով

Ըստ արտադրական պլանի, «Արտֆուդ» ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում ավելացնել արտադրության ծավալները 30 տոկոսով, լրագրողներին է ասել «Արտֆուդի» գործադիր տնօրեն Վաչագան Կարապետյանը Արտաշատի մարզում: Ըստ նրա, 2009թ. ընկերությունն արտադրել է շուրջ 30 000 տոննա պահածո, այսօրվա դրությամբ գործարանում աշխատում է 300 մարդ, իսկ սեզոնային շրջանում նրանց թիվը հասնում է 550-ի, ընկերությունը հումք է գնում 6000-7000 գյուղտնտեսություններից:

Մայիսի 11-ին «Արտֆուդ» ընկերությունը ներկայացրեց «Ամարե» բնական հյութերի իր նոր արտադրամասը: Ինչպես ասաց Վ.Կարապետյանը, դա թույլ կտա աշխատանքով ապահովել ևս 60 հոգու, իսկ նոր արտադրամասի ստեղծման համար 1,5 տարի պահանջվեց, ներդրվեց 2,2 մլն եվրո: «Նոր հոսքագիծը հագեցած է ժամանակակից Elo-pacle իտալական սարքավորումներով»,-ասել է նա:

Չնայած որ հայկական շուկայում բնական հյութերի ընտրությունը մեծ է, գործադիր տնօրենը վստահ է, որ «Ամարե» հյութերը լուրջ դիրքեր կգրավեն տեղական շուկայում»: Ընկերությունը մտադիր է նաև արտահանել իր նոր ապրանքատեսակը Ռուսաստան, Ուկրաինա և Վրաստան: