11 մայիսի 2010 - 20:32 AMT
«Սպեղանի երգչախումբը» ձայնագրել է Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ձայնասկավառակ

Մայիսի 11-ին Երևանում կայացել է միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երգչախմբի «Սուրբ պատարագի երգեցողությունը Կոմիտասի մշակմամբ» ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը ձայնագրվել է Ռ. Աթայանի խմբագրությամբ Կոմիտասի ստեղծագործությունների ժողովածուի VII հատորի հիման վրա: Այն կատարվել է Սպեղանի»երգչախմբի և հայ եկեղեցու հոգևոր հայրերի մասնակցությամբ:

Ձայնասկավառակը նվիրված է Ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին:

Ձայնասկավառակի գրքույկում հիշվում է հայ միջնադարյան բանաստեղծ Գրիգոր Նարեկացու բառերը` «Սպեղանիք զօրաւորք վիրաց անբժշկականաց դեղք ազդողականք ցաւոց անտեսականաց…»:

«Սպեղանի» երգչախումբը հիմնվել է 1996-ին: Իր գործունեության ընթացքում երգչախումբը իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը: «Սպեղանիի¦ երկացանկում ընդգրկված է տարբեր դարաշրջանների և ազգերի խմբերգային ստեղծագործությունների ընտրանի: Երգչախումբը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ինչպես հայ, այնպես ել արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների խմբերգերին: Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել ինչպես միջազգային հեղինակավոր փառատոներում խմբերգային մշակույթի խոշորագույն գործիչների, այնպես էլ Հայաստանի հանրահայտ երաժիշտների կողմից: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և խմբավարը Սարինա Ավթանդիլյանն է: