11 մայիսի 2010 - 21:04 AMT
Հայաստանին չպետք է անհանգստացնի Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Թուրքիա հասկանալի է, քանի որ Ռուսաստանը որպես մեծ տերություն, այդ տարածաշրջանում իր շահերն ունի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը:

Նրա խոսքերի համաձայն, պետք չէ անհանգստանալ ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի առիթով, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, երկու երկրների միջև համագործակցությունը տարեց տարի ամրապնդվում է, բացի այդ ռուսական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի համար բավականին շահեկան դիրքորոշում ուներ:

Շարմազանովը նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ տարբեր հարցեր են քննարկվելու, և եթե հանկարծ կողմերն անդրադառնան ղարաբաղյան հակամարտությանը, ապա դրանից չպետք է եզրակացնել, որ Թուրքիան կարող է ընդգրկվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում:

Նա նաև ավելացրել է, որ ամեն ինչից բացի, Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում իրենց դիրքերի ամրապնդման համար են պայքարում, և Ռուսաստանը թույլ չի տա Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացում: «Թուրքիայի ազդեցության բարձրացումը նշանակում է Ռուսաստանի դիրքերի թուլացում», - ասել է նա: