12 մայիսի 2010 - 16:43 AMT
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Յուրի Միլոսլավսկու լուսանկարների ցուցահանդեսը

Մայիսի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Յուրի Միլոսլավսկու բնապատկեր - լուսանկարների ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ անցյալ տարի Յուրի Պավլովիչից նամակ էր ստացել`Հայաստանում ցուցահանդես կազմակերպելու առաջարկի մասին:

«Այս ցուցահանդեսը առանձնակի է այն բանով, որ Միլոսլավսկին մասնագիտությամբ ֆիզիկոս է: Իր աշխատանքներն անվանում է լուսանկարներ, որոնք սկզբունքորեն տարբերվում են լուսանկարներից: Նրա բնապատկերները ռուսական բնությունն են ներկայացնում, և դրանցում կարելի է տեսնել իսկական ռուսական ոգին: Նկարներում զգացվում է կյանքի փիլիսոփայությունը: 21-րդ դարում մարդուն անհրաժեշտ է բնության հետ կապը», - ընդգծել է Հասմիկ Հարությունյանը:

Յուրի Միլոսլավսկին ազգային պատկերասրահին իր երախտագիտությունն է հայտնել իրեն այդպիսի հնարավորություն տալու համար: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս Միլոսլավսկին ասել է, որ մեծ ցանկություն ուներ իր աշխատանքները հենց Հայաստանում ցուցադրելու: «Հայաստանն ամբողջ աշխարհում ոչ մեծ մի օազիս է: Այստեղ միջին խավն ավելի ինտելեկտուալ է, քան Արևմուտքում: Բացի այդ, հայերը նախկին Խորհրդային Միության այն սակավ ժողովուրդներից են, որ ռուսաֆոբիայով չեն տառապում»:

Յուրի Միլոսլավսկին ծնվել է 1947 թ. Սարատովում: Ավարտել է տեղի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 80-ականների սկզբին Միլոսլավսկին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ լուծել է համաշխարհային մի շարք էլեկտրաձայնային խնդիրներ: 1992 թ. սկսել է իր գեղարվեստական գործունեությունը: Նրա լուսանկարները ցուցադրվել են Նյու Յորքում, ՌԴ Ռադիշչևի անվան պետական թանգարանում և այլուր: Նա նաև Նյու Յորքի Բնապատկերային արվեստի թանգարանի հիմնադիրն է: