12 մայիսի 2010 - 17:52 AMT
Երևանի ու Անկարայի միջև ընդհատված երկխոսությունը կվերսկսվի միայն 2014 թվականին

Թուրքիան ու Ռուսաստանը միշտ մրցակիցներ են եղել տարածաշրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, վերջին 10 տարում ռուս-թուրքական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, մասնավորապես, տնտեսական ոլորտում և ՌԴ նախագահի այցը Թուրքիա պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

«Սակայն, չի կարելի չխոսել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա խնդիրների մասին: Թուրքիան հետևողականորեն ավելացնում է իր ներկայությունը Ղրիմում, Աջարիայում, Աբխազիայում և Նախիջևանում, ինչը չի կարող չմտահոգել Ռուսաստանին.,-ասել է թուրքագետը:

Նա ընդգծել է, որ ղարաբաղայն կարգավորման հարցը հավանաբար, քննարկման առարկա կդառնա Մեդվեդևի այցի շրջանակներում:

Շաքարյանը նշել է նաև, որ վերջերս Թուրքիան չի թաքցնում ղարաբաղյան հակամարտության միջնորդ դառնալու իր մտադրությունը, ինչը, դե-յուրե նրան չի հաջողվի, սակայն եթե հետևենք համաշխարհային մամուլին, կտեսնենք, որ Ղարաբաղի մասին բոլոր հրապարակումներում հիշատակվում է նաև Թուրքիան: «Եվ թեև դա մեզ ձեռք չի տալիս, Թուրքիան աստիճանաբար խորացնում է իր դերը ղարաբաղյան գործընթացում: Երևանն ու Մոսկվան դեմ են դրան: Անշուշտ, Անկարային չի հաջողվի դառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, սակայն նա կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ կամ ՄԽ-ին զուգահեռ գործընթաց սկսի օրինկ, կայունության ու անվտանգության պլատֆորմը, որի շրջանակներում կարող է քննարկվել ղարաբաղյան խնդիրը»,-ասել է թուրքագետը: Ըստ նրա, որքան Թուրքիան հեռու լինի ղարաբաղյան գործընթացից, այդքան լավ հայկական կողմի համար:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` թուրքագետը վստահություն է հայտնել, որ ընդհատված երկխոսությունն Երևանի ու Անկարայի միջև կվերսկսվի միայն 2014-ին, քանի որ մինչ այդ Թուրքիայում զբաղված կլինեն սահմանադրական բարեփոխումներով և խորհրդարանական ընտրություններով: Ա.Շաքարյանը չի բացառել, որ այդ ընթացքում Մոսկվան կփորձի խլել նախաձեռնությունը Վաշինգտոնից և հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների միջև: