12 մայիսի 2010 - 18:17 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկի քաղաքականությունը համահունչ է գնաճի ակնկալիքներին

«Դրամավարկային քաղաքականության խստացումը, մասնավորապես, ՀՀ ԿԲ որոշումը վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացման մասին բխում է այն զարգացումներից, որոնք նախանշվեցին տարեսկզբին»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, ԿԲ քաղաքականությունը համահունչ է տնտեսության իրավիճակին, մասնավորապես, գնաճի ակնկալիքներին:

ՀՀ ԿԲ նախկին նախագահը նշել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա երկրի բանկային համակարգի վրա:

Ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքների տատանումներին, ապա, նրա խոսքերով, ավելացման միտում կա և դա պայմանավորված է ռիսկերի ավելացմամբ: «Մակրոմակարդակում դա կապված է նրա հետ, որ առաջին եռամսյակում գրանցված տնտեսական աճը չի համապատասխանում այն իրական իրավիճակին, որը ստեղծվել է Հայաստանում»,-ասել է նա: Ընդ որում Բ.Ասատրյանը հավելել է, որ իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ, քանի որ կան խնդիրրներ, կապված վարկերի սպասարկման հետ, ինչպես նաև մասնավոր դրամական փոխանցումների և ներդրումների կրճատման հետ:

Մայիսի 11-ի նիստում Կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 կետով, այն հաստատելով 7,25 տոկոս նիշի վրա: ԿԲ խորհուրդը գտնում է, որ ստեծղված մակրոտնտեսական պայմաններում դրամավարկային պայմանների խստացումը պետք է դանդաղ ընթանա` նպատակ ունենալով ձևավորել և պահպանել դրական իրական տոկոսադրույքներ` կանխատեսվող ողջ ժամանակահատվածի ընթացքում: