12 մայիսի 2010 - 19:44 AMT
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկներից առաջինը ելույթ կունենա Տիգրան Կիրակոսյանը

Մայիսի 13-17-ը Մինսկում (Բելառուս) կայանալու է սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից PanARMENIAN.Net-ին հաղորդում են, որ մայիսի 14-ին հայ սամբիստներից ելույթ կունենան Տիգրան Կիրակոսյանը (52 ք/կ), Աշոտ Դանիելյանը (74 ք/կ) և Ռուզաննա Սարգսյանը (48 ք/կ): Մայիսի 15-ին ելույթ կունենան Վահան Վարդանյանը (57 ք/կ), Արտավազդ Մինասյանը (68 ք/կ) և Մուշեղ Հովսեփյանը (82 ք/կ):

Իսկ մարտական սամբոյի ներկայացուցիչներ Վաչիկ Վարդանյանը (68 ք/կ) և Արտակ Ծատինյանը (90 ք/կ) ելույթ կունենան մայիսի 16-ին:

Հայաստանի հավաքականը Բելառուս է մեկնել մայիսի 3-ին, որտեղ անցկացրել է 10-օրյա հավաքներ «Ստայկի» օլիմպիական-մարզական համալիրում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Գուրգեն Սևոյանը: Նրան օգնելու է Էռնեստ Միրզոյանը: Առաջնությունում մրցավար է լինելու Էդուարդ Ասլանյանը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, որը մայիսի 13-ին մասնակցելու է Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի վեհաժողովին: