13 մայիսի 2010 - 12:31 AMT
Իսմետ Աբասով. Մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցություն հաստատվել չի կարող

Քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ոչ մի հեռանկար չի կարող լինել: Այդ մասին մայիսի 13-ին Երևանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) 27-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմետ Աբասովը: « Եթե ամեն ինչ հաջող ընթանա և վերականգնվեն հարաբերությունները, ապա մեր երկրները կարող են համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության»:

Միաժամանակ նախարարը բացատրել է, որ չնայած ադրբեջանական ժողովրդի դժգոհությանը, նրա այցը Երևան FAO համաժողովին մասնակցելու համար շատ կարևոր էր, քանի որ հաջորդ համաժողովը կայանալու է 2012-ին Բաքվում:

Ադրբեջանի տնտեսության վերաբերյալ նա ասաց, որ «իր երկրում սովի խնդիր չկա, և կարճ ժամանակում աղքատության մակարդակը կրճատվել է 4 անգամ և հիմա կազմում է բնակչության ընդհանուր թվի 10-11 տոկոսը»:

Նախարարն ավելացրել է, որ Ադրբեջանում հատուկ ուշադրություն են դարձնում գյուղատնտեսության զարգացմանը, և իրականացվում են լայնածավալ ներդրումներ: Լրագրողների խնդրանքով ադրբեջանցի նախարարը հայերենով պատմել է, որ ծնվել և դպրոցն ավարտել է Երևանում, նրա վերջին այցը Հայաստան եղել է 1987-ին: «Այդ տարիների ընթացքում ես կարոտել եմ Հայաստանը, և նախագահ Իլհամ Ալիևի թույլտվությամբ այցելել եմ Վարդենիս, որտեղ երկար տարիներ ապրել են իմ հարազատները: Իմ կողմից արված լուսանկարները նրանց համար մեծ նվեր կլինեն»,- ավելացրել է Աբասովը: