13 մայիսի 2010 - 16:08 AMT
«Ժառանգություն». Չաուշօղլուի Ծիծեռնակաբերդ չայցելելու որոշումը եվրոպական կառույցի ղեկավարին ոչ վայել պահվածք է

Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հուշահամալիր չայցելելու` ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չաուշօղլուի որոշումը «Ժառանգություն» կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունը գնահատում են որպես եվրոպական հեղինակավոր կառույցի ղեկավարին ոչ վայել պահվածք, ինչի վերաբերյալ խմբակցության պատգամավորները կհայտնեն նաեւ անձամբ նրան` վերջինիս հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ, ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Անթույլատրելի ենք համարում, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Եվրամիության ուղղակի ընտրվող օրենսդիր մարմնի` Եվրոպական խորհրդարանի 1987, 2000, 2002 եւ 2005 թվականների որոշումների ոգուն դեմ է գործում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մերօրյա ղեկավարը` առաջնորդվելով ազգայնամոլին բնորոշ քմահաճությամբ: Դա մարտահրավեր է նաեւ համամարդկային նորմերին, եվրոպական արժեքային ուղենիշներին ու եվրոպական ընտանիքին ինտեգրվել հավակնող Թուրքիայի նկրտումներին:

Նման վարվելակերպով պարոն Չաուշօղլուն բացահայտ խոստովանում է, որ ինքն իրեն նույնացնում է ոչ թե եվրոպական ժողովուրդների բազմազգ ընտանիքի` ժողովրդավարական գործընթացներին եւ մարդու իրավունքներին հետամուտ ազդեցիկ կառույցի ղեկավարի, այլ թուրք մի պաշտոնյայի հետ, ով, այս պահին զբաղեցնելով ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնը, ձգտում է ի շահ Թուրքիայի ղեկավարների եւ կրտսեր եղբայր Ադրբեջանի` ըստ ամենայնի օգտագործել կառույցի լծակները:

Ցեղասպանված ու հայրենազրկված հայ ժողովրդի ողբերգությունը մերժելու բարդույթից դրդված` պաշտոնական այցը աշխատանքայինով սքողած եւ Ծիծեռնակաբերդ այցելելուց հրաժարված Մեւլութ Չաուշօղլուին ՙԺառանգությունը՚ դիտարկում է իբրեւ Թուրքիայի այն քաղաքական գործիչներից մեկը, ով իր հայտարարություններով եւ քաղաքական գործելակերպով ներկայանում է որպես քեմալա-բոլշեւիկյան դավադիր գործարքի ժամանակակից հետեւորդ:

Այսքանից հետո ակնհայտ է, թե ինչ նպատակներ է հետապնդում պարոն Չաուշօղլուն ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցով ենթակոմիտեի նորովի կազմավորման ուղղությամբ ձեռնարկած անթաքույց քայլերով: «Ժառանգությունը» սույն հայտարարությամբ թուրքազգի քաղաքական գործչի, նրա համախոհների եւ հնարավոր պատվիրատուների համար կրկին անգամ բարձրաձայնում է, որ իրականում հիմնահարցը դե-ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային դե-յուրե ճանաչումն է, իսկ խնդիրը Ադրբեջանի բռնազավթած` Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքով Արցախին պատկանող տարածքների վերադարձն է: ԵԽԽՎ ղեկավարները կարող են եւ պարտավոր են միջնորդ հանդիսանալ այս հարցերը խաղաղությամբ հանգուցալուծելու համար:

«Ժառանգությունը» Հայաստանի Հանրապետության իշխանություններին դարձյալ հորդորում է պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացած անկախությունը: Իսկ Ծիծեռնակաբերդ չայցելող որեւէ թուրք կամ այլազգի անձ չի կարող ջնջել կամ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը, Մեծ հայրենազրկումը եւ բովանդակ հայության արդար դատն ու իրականանալի տեսլականը, ասվում է «Ժառանգություն» կուսակցության մամլո հաղորդագրության մեջ: