13 մայիսի 2010 - 16:57 AMT
Էրդողանը հրամանագիր է ստորագրել Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայփ Էրդողանը հրահանգել է պաշտոնյաներին ու պետական ծառայողներին խուսափել դժվարություններ հարուցելուց Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ հարաբերություններում:

Էրդողանը հրահանգել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել այնպիսի հարցերում, ինչպիսիք են գերեզմանոցների պահպանումն ու պաշտպանությունը, հողային կադաստրի մեջ ի օգուտ փոքրամասնությունների կայացված դատական որոշումների ընդգրկումը և ոչ մահմեդական համայնքների հանդեպ ատելության բորբոքման մասին հրապարակումների հետքերով դատական հայցերի հրատապ քննարկումը:

Հրամանագիրը հրապարակվել է հինգշաբթի օրը «Պաշտոնական լրաբերում»:

Ըստ երկրի սահմանադրության ազգային փոքրամասնություն են համարվում հայերը, հույներն ու հրեաները: