Երևանում տեղի ունեցավ համաժողով` նվիրված զբոսաշրջության մրցունակության բարձրացմանը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Երևանում զբոսաշրջության տասնօրյակի շրջանակներում տեղի ունեցավ զբոսաշրջության մրցունակության բարձրացմանը նվիրված չորրորդ համաժողովը: Ելնելով զբոսաշրջության զարգացման արդի պահանջներից, համաժողովի թեմատիկ ուղղվածությունը Հայաստանի զբոսաշրջային իմիջի խթանումն է, զբոսաշրջության ոլորտում հարուստ ավանդույթներ ունեցող երկրների լավագույն փորձի ներգրավումն ու համագործակցության հաստատումը, ինչպես նաև վերջին 5 տարվա արդյունքների ամփոփումն ու առաջիկա անելիքների նախանշումը:

«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի (CAPS) ավագ փորձագետ Ալան Սաֆերիի խոսքերի համաձայն, Հայաստանը միջազգային մրցունակության մակարդակով գտնվում է ստորին դիրքերում, իսկ անվտանգության ու այլ տարրերով մրցունակ է իրեն հավասար երկրների շարքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասել է, որ ընթացիկ տարում զբոսաշրջության բնագավառում ծրագրված է 5 տոկոս աճ, իսկ 2010 թ առաջին եռամսյակի տվյալների համաձայն, երկիր են այցելել 93 հազ. զբոսաշրջիկ, ինչը 9,4 տոկոսով ավելի բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի այցերից:

Մեխակ Ապրեսյանի խոսքերի համաձայն, Հայաստանի զբոսաշրջային առավել շատ այցելության վայրերն են` Գառնին, Գեղարդը, Զվարթնոցը, Խոր Վիրապը:

Համաժողովը կազմակերպել էին` USAID – CAPS ծրագիրը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամը` բնագավառի ընկերակցությունների հետ համատեղ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---