Բակո Սահակյան. Առաջարկում եմ Արցախի ջրամատակարարման հարցն ընդգրկել «Հեռուստամարաթոն-2010»-ի օրակարգ

Բակո Սահակյան. Առաջարկում եմ Արցախի ջրամատակարարման հարցն ընդգրկել «Հեռուստամարաթոն-2010»-ի օրակարգ

PanARMENIAN.Net - «Արցախի ջրամատակարարման հարցը հնարավոր է լուծել միայն միավորված ջանքերի միջոցով: Հաշվի առնելով այս ռազմավարական ծրագրի կարևորությունը` առաջարկում եմ «Հեռուստամարաթոն 2010»-ի շրջանակներում նախատեսել նաև Արցախի համար կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման խնդրի ընդգրկումը, ինչը հնարավորություն կտա 2011 թվականին համապատասխան ծրագրեր իրականացնել հանրապետության ջրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ»,- «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը ողջունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատաոճը` հիմնված իրականացվող ծրագրերի ընթացքին տեղում ծանոթանալու, կատարված աշխատանքների շուրջ մտքեր փոխանակելու և կարևոր հարցերը անմիջական մթնոլորտում քննարկելու վրա: «Դրա ապացույցն է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի նախաշեմին ձեր արդեն իսկ ավանդույթ դարձած այցելություններն Արցախ: Հիմնադրամի գործունեությունն անչափ կարևոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման ու բարգավաճման, մեր ժողովրդի կենսապայմանների բարելավման ու բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Ինչպես հետպատերազմյան ծանր տարիներին, այնպես էլ այսօր Արցախում կան խնդիրներ, որոնք ունեն համազգային նշանակություն և որոնք հնարավոր է լուծել միայն համայն հայության ջանքերով: Դրանց շարքում առաջնահերթ նշանակություն ունի հանրապետության ջրամատակարարման համակարգի վերականգնումը, որը գրեթե ամբողջովին ավերվել էր ռազմական գործողությունների հետևանքով»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

Նա նաև նշել է, որ Արցախի իշխանությունները Հայաստանի ու Սփյուռքի հետ ձեռնամուխ եղան տնտեսական և քաղաքական նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացմանը: «Միասին մենք կարողացանք իրականացնել ջրամատակարարման բարելավմանն ուղղված մի շարք համալիր ծրագրեր: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործուն մասնակցության շնորհիվ տասնյակ բնակավայրեր լրիվությամբ ապահովվեցին խմելու և ոռոգման ջրով, վերականգնվեցին համակարգի առանձին օբյեկտներ մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում: Սակայն անելիքները դեռ շատ են: Արցախի 323 գյուղերից ավելի քան 200-ում չափազանց սուր է դրված և հրատապ լուծման կարիք ունի խմելու ջրի հարցը: Լուրջ խնդիրներ կան Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում, որտեղ բնակվում է հանրապետության բնակչության կեսից ավելին: Այս ծրագիրը բավականին ծախսատար է: Միայն մայրաքաղաքում ջրամատակարարման նոր օբյեկտների շինարարության և գործողների վերականգնման համար պահանջվում է 6,5 միլիարդ դրամ»,- ասել է Բակո Սահակյանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---