9 հունիսի 2003 - 22:44 AMT
ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում կարող է որոշում ընդունվել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, պատժամիջոցների կիրառման պատճառ կարող է հանդիսանալ Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ենթակոմիտեի նախագահ Ժորժ Քլերֆայթի զեկույցը, որում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը խիստ քննադատության է ենթարկվել: Զեկույցում Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են ժողովրդավարական բարեփոխումների եւ, մասնավորապես, քաղբանտարկյալների առկայության առնչությամբ ԵԽ հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու մեջ: Բացի այդ, փաստաթղթում խոսվում է երկրում նոր քաղբանտարկյալների հայտնվելու եւ գործադիր իշխանությունից դատարանների պահպանվող կախվածության մասին: Քլերֆայթի զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ հունիսի 23-26-ը կայանալիք նստաշրջանի քննարկմանը: «Եթե պաշտոնական Բաքուն այսուհետ- էլ հրաժարվի կատարել ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները, ապա իրեն սպասում են լուրջ անախորժություններ»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում գործակալության աղբյուրը: Նշենք, որ Քլերֆայթի զեկույցը պարունակել է նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւի առնչությամբ դրույթ, որում վերջինս մեղադրվում է Ադրբեջանի պարտավորությունների կատարման առումով վեհաժողովի հետ լիակատար չափով չհամագործակցելու մեջ: Այդ դրույթը չեղյալ համարելու Բաքվի բոլոր փորձերը արդյունք չեն տվել. միակ բանը, որ հաջողվել է անել Ադրբեջանի ներկայացուցիչներին, Իլհամ Ալիեւի անվան հիշատակումը բացառելն է եւ այդ առնչությամբ քննադատության մեղմացումը: