14 մայիսի 2010 - 18:46 AMT
Թինա Քայդենաու. Հայաստանը կարևոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար

Մայիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը` ընդգծելով, որ ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վաշինգտոն եւ հանդիպումը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերությույնների զարագցմանը:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ եղավ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարներին: Թինա Քայդանաուն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարևոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար եւ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Զրուցակիցները անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդենաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: