Հայաստանն ու Չեխիան պետք է ընդլայնեն իրավապայմանագրային դաշտը

Հայաստանն ու Չեխիան պետք է ընդլայնեն իրավապայմանագրային դաշտը

PanARMENIAN.Net - Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է չեխական պատվիրակությանը և առանձնազրույց ունեցել Յան Ֆիշերի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Որպես առաջնահերթ ուղղություններ` նշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային և քիմիական արդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի կառուցման, կրթության, երիտասարդության և սպորտի, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Տիգրան Սարգսյանը մատնանշել է մշակութային կապերի զարգացման և սերտացման անհրաժեշտությունը, որն անպայման ծառայելու է բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Կողմերը կարևորել են այսօր Երևանում բացված հայ-չեխական գործարար համաժողովի դերը համագործակցության նոր ոլորտների բացահայտման առումով։

Զրուցակիցները քննարկել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման մանրամասներ։

Մասնավորապես, ՀՀ վարչապետը կարևորել է Եվրոպական Հարևանության «Թվինինգ» գործիքի օգնությամբ չեխական փորձի փոխանցումը ՀՀ կառավարման մարմիններին։

Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը և նշել. «Մեզ համար չափազանց կարևոր է Ղարաբաղի հարցի կարգավորման գործում մեր չեխ գործընկերների հավասարակշռված մոտեցումը և այն հանգամանքը, որ նրանք նույնպես գտնում են, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների գործընթացն այն միջոցն է, որը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով կարգավորել այս հարցը»։

Հանդիպման ավարտից հետո ստորագրվել են փաստաթղթեր` միջպետական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» և միջկառավարական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև օդային տրանսպորտի մասին»։

Համաձայնագրերի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության վարչապետների մամուլի ասուլիսը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---