18 մայիսի 2010 - 10:58 AMT
էլեկտրոնային վճարումները միջին հաշվով կազմել են ԿԲ ընդհանուր վճարումների ծավալի 60 տոկոսը

2010թ. առաջին եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարված վճարումների գերակշիռ մասը իրականացվել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) միջին հաշվով կազմել են ընդհանուր վճարումների ծավալի 60 տոկոսը, քանակի 94.8 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ էլեկտրոնային վճարումների ծավալը ավելացել է 28 տոկոսով (275 մլրդ դրամով), իսկ քանակը ավելացել է` 21 տոկոսով (110705-ով):

Առևտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) կատարված վճարումները կազմել են վերջիններիս վճարումների ծավալի մոտ 77 տոկոսը (2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 33 տոկոսով), իսկ քանակի` մոտ 99.6 տոկոսը:

Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 1730-ով` կազմելով 10015, իսկ ծավալը ավելացել է 4 մլրդ դրամով` կազմելով 19 մլրդ դրամ:

Բորսայական գործառնությունների իրականացման նպատակով հաշվետու ժամանակահատվածում կատարված փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է մոտ 148 մլրդ դրամ (ավելացել է 51 մլրդ դրամով):

Էլեկտրոնային վճարումների համակարգում մեկ էլեկտրոնային փոխանցման միջին ծավալը, առանց բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե պահպանվել է նույն մակարդակի վրա, և կազմել է 2 մլն դրամ:

Էլեկտրոնային վճարումների համակարգով առևտրային բանկերի կողմից բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների միջին ծավալը կազմել 1.9 մլրդ դրամ: