18 մայիսի 2010 - 11:56 AMT
Ավստրալացի պատգամավորը հանդես է եկել ի նպաստ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի

Ավստրալական Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամ Ջոնաթան Օդեան հանդես եկավ ի պաշտպանություն ԼՂՀ ինքնորոշման իրավունքի: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի (ANC Australia) հաղորդագրության մեջ, Ջոնաթան Օդեայի ելույթին հաջորդեց ANC Australia լուսանկարների ցուցահանդեսը` նվիրված Շուշիի ազատագրման 18-րդ տարելիցին: Ցուցահանդեսն անցնում էր Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի շենքում: «Ցուցահանդեսը համընկավ Շուշիի ազատագրման 18-րդ տարելիցի հետ, որը չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի հայերի համար: Այսօր ես իմ աջակցությունն եմ հայտնում ժողովրդների, այդ թվում հայ ժողովրդի, ինքնորոշման իրավունքին»,-ասել է Օդեան:

Իր հերթին ANC Australia-ի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Օդեային աջակցության համար: «Մեր պարտականությունն է իրազեկել խորհրդարանի պատգամավորներին Ավստրալիայի հայերին հուզող հարցերի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը չափազանց կարևոր է ողջ աշխարհի հայերի համար: Մենք երախտապարտ ենք Ջոնաթան Օդեային խորհրդարանում իր ելույթի համար և ակնկալում ենք, որ այդ ճանապարհը կբերի Արցախի Հանրապետության համընդհանուր ճանաչման»,-ասել է ANC Australia-ի գործադիր տնօրենը: