18 մայիսի 2010 - 14:43 AMT
«ԱրմենՏել»-ը բացում է ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բացում է ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիներ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ցուցադրական գոտիները USB մոդեմ ձեռք բերողներին կամ Hi Line ծառայությանը միանալ ցանկացողներին կօգնեն փորձարկել ինտերնետի արագությունը նախքան պայմանագիր կնքելը: Բացի այդ, բաժանորդները հնարավորություն կունենան իմանալու անլար և լարային կապի տեխնոլոգիաների տարբերությունները, ինչպես նաև ուղղել իրենց հարցերը ընկերության աշխատակիցներին: Սարքը գնելուց հետո, Beeline մասնագետները բաժանորդի պահանջի համապատասխան կիրականացնեն անհրաժեշտ կարգավորումները:

«Որպես կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ինտերնետ մատչում տարբեր տեխնոլոգիաների միջոցով, իսկ այս ցուցադրական գոտիները հնարավորություն են ընձեռում մեր հաճախորդին ծանոթանալ առաջարկվող ծառայություններին և ընտրել իր պահանջներին համապատասխան արագություն և տեխնոլոգիա»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ինտերնետ ծառայությունների փորձարկման ցուցադրական գոտիները տեղադրված են Beeline վաճառքի և սպասարկման 11 գրասենյակում: Մոտ ապագայում ծառայության աշխարհագրությունը կընդլայնվի: