18 մայիսի 2010 - 15:38 AMT
Հայաստանի խորհրդարանն ընդունել է զրպարտության մասին օրինագիծը

Հայաստանի խորհրդարանն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց զրպարտության մասին օրինագիծը: Ըստ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, փաթեթի լրամշակված տարբերակը համապատասխանում է ներկայացված պահանջներին, հաշվի է առնում հասարակական քննարկումների արդյունքներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջարկությունները:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանական թղթակիցը, ըստ օրինագծի, զրպարտանքն ու վիրավորանքը այլևս չեն համարվի քրեականորեն հետապնդվող արարքներ: Այն անձը, ով իր պատիվը, արժանապատվությունը կամ գործնական վարկը համարում է արատավորված, կարող է դատի տալ այն անձին, ով վիրավորել կամ զրպարտել է իրեն` պահանջելով փոխհատուցել վնասը: Փոխհատուցումը կարող է լինել ներողության, հերքման կամ տուգանքի ձևով:

Ըստ կանոնակարգի, ընդունված օրինագիծը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից հաստատվելուն պես: