18 մայիսի 2010 - 17:14 AMT
ՓՄՁ-ները հետագայում ևս կլինեն ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

Չնայած նրան, որ 2009 թվականին ճգնաժամի պայմաններում ստեղծված ՀՀ կառավարությանը կից օպերատիվ շտաբը հսկայական աշխատանք կատարեց` աջակցելով ՓՄՁ-ներին, այնուամենայնիվ, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն: «Փոքր ու միջին ձեռնարկատիրության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են և կառավարությունը կշարունակի աջակցել նրանց: Մենք բավարարված չենք արդյունքներով, սակայն, ես վստահ եմ, որ մեր և հանրության հսկողության դեպքում մենք կկարողանանք հասնել մեր նպատակներին»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային քննարկման արդյունքում, որն անցավ «Բիոկաթ» ընկերության նոր արտադրամասում:

Միաժամանակ, նա նշեց, որ կառավարության աշխատանքը պետք է լինի թափանցիկ ու հաշվետու հանրության համար, իսկ Օպերատիվ շտաբի ծրագրերը պետք է զետեղվեն ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Վարչապետը հավելել է, որ կառավարությունը վերահսկելու է իր որոշումների կատարումը և պարբերաբար այցելելու է ընկերություններ, որոնց աջակցել է: Այս անգամ դա «Բիոկաթ» ընկերությունն էր:

Ձեռնարկությունը կառավարությունից աջակցություն ստացավ 120 մլն դրամ չափով 2009-ի հոկտեմբերին: Ստացված միջոցներով ընկերությունը ձեռք բերեց արդի սարքավորումներ և ընդլայնեց արտադրությունը: «Իսկ դա նշանակում է, որ մեր նախաձեռնությունները իրականացվում են` ստեղծվում են նոր աշխատատեղեր, բարձրանում է մրցունակությունը: Մենք դրական արդյունքների հասանք, և կարևորն այն է, որ այդ խթանները հաղորդվեցին հանրությանը»,-ասել է նա:

Իր հերթին ընկերության հիմնադիր Հրաչիկ Հակոբյանը հատյնեց, որ Օպերատիվ շտաբ ներկայացված բիզնես-պլանը ընկերությունը կատարեց նախատեսված ժամկետում: Ձեռնարկությունում արտադրվում է շուրջ 20 տեսակի կանթնամթերք, որոնցից 8-ը` դասական, մյուսները` դիետիկ: Ըստ Հակոբյանի, մայիսի 25-ին ընկերությունը իր սպառողին կներկայացնի պաղպաղակ ու յոգուրտ` ըմպելի և մածուցիկ: Ընկերության հիմնադիրը հավելեց, որ նոր արտադրամասի գործարկումից հետո ավելացան աշխատատեղերը, ինչպես նաև, սեզոնային գործոնի տեսակետից վերամշակվող կաթի ծավալը կավելանա 2 տոննայով: