Ամերիկյան «Էմ Ջի Էմ Միրաժ» ընկերությունը շահագրգիռ է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցում

Ամերիկյան «Էմ Ջի Էմ Միրաժ» ընկերությունը շահագրգիռ է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ամերիկյան «Էմ Ջի Էմ Միրաժ» ընկերության փոխնախագահ Էդ Բոուերսին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Է. Բոուերսը Հայաստանում է` գնահատելու «Մասիս, Սիս եւ նոր Հայաստան» զբոսաշրջային զարգացման ծրագիրը, որի իրականացումը նախատեսվում է Եղվարդի ջրամբարին հարակից տարածքում: Փոխվարչապետը բարձր գնահատեց ընկերության հետաքրքրվածությունը ծրագրի նկատմամբ: Նշվեց, որ դեռեւս խորհրդային տարիներից Եղվարդի ջրամբարը կիսակառույց վիճակում է, եւ այն ոռոգման նշանակությամբ գործարկելու համար բավականին մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Պետությունը ներկայումս հետաքրքրված է մասնավոր հատվածի հետ այդ տարածքում զարգացման որեւէ ծրագիր իրականացնելու հարցում: Տեղեկացվեց, որ քննարկվել են տարածքում թե զբոսաշրջային ծրագրի իրականացման, թե այն գյուղատնտեսական նշանակությամբ` կիրառելով օրգանական գյուղատնտեսության նոր մոտեցումներն ու նոր տեխնոլոգիաները, օգտագործելու տարբերակները:

Նշվեց, որ ծրագրի` իրատեսական լինելու պարագայում ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել դրա իրագործմանը, որը կարեւորվում է նաեւ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ընկերության կողմից իրականացվելիք հնարավոր ծրագրի հետ կապված հարցեր: Հյուրը ներկայացրեց, որ այցի ընթացքում կծանոթանան նաեւ Հայաստանի օրենսդրական դաշտին:

Երկուստեք նշվեց, որ աշխարհում այդ բնագավառում լավագույն փորձն ունեցող ընկերության կողմից Հայաստանում հանգստի եւ ժամանցի գոտու ստեղծմանն ուղղված ծրագրի իրականացումը կարող է լուրջ հաջողություն ունենալ նաեւ տարածաշրջանի երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու առումով:

Ընկերության փոխնախագահը հայտնեց, որ ծրագրի իրականացման հետ կապված վերջնական որոշումը առաջիկայում կքննարկվի Լաս Վեգասում եւ արդյունքների մասին հայկական կողմը կտեղեկացվի, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---