19 մայիսի 2010 - 12:56 AMT
Էմիլ Սողոմոնյան. Կենտրոնական բանկը և առևտրային բանկերը համակարգել են իրենց քայլերը

«Հայաստանի ԿԲ-ն և առևտրային բանկերը համակարգել են իրենց քայլերը: Դա ճիշտ է, քանի որ դա է պահանջում շուկան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Բանկերի միության նախկին նախագահ, «Պրոմեթեյ բանկի» վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը: Եթե նախկինում ՀՀ ԿԲ-ն իջեցնում էր վերաֆինանսավորման դրույքները, ապա առևտրային բանկերը բարձրացնում էին դրույքները, և դա օրինաչափ չէր: Հիմա, նրա խոսքերով, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը նպատակային է, իսկ բանկերը, հաշվի առնելով ներգրավված միջոցները և ընդունելի մարժան, վարկեր են տրամադրում առավել մատչելի պայմաններով և ցածր տոկոսադրույքներով:

Դրա հետ կապված Էմիլ Սողոմոնյանն ավելացրեց, որ հայկական բանկերը գերիրացվելի են, «և բնական է, որ տոկոսադրույքնեը պետք է նվազեին, որպեսզի բանկերը կարողանային բաշխել իրենց միջոցները»:

Տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, շուկայում նկատվում են տնտեսության իրական հատվածի վարկավորկան աշխուժացման միտումներ: «Մինչև տարեվերջ բանկային տոկոսադրույքները դեռ կնվազեն և կկազմեն 12-13 տոկոս, մասնավորապես, բիզնես-վարկավորման իրական մակարդակը կկազմի12 տոկոս »,- նշել է նա: