19 մայիսի 2010 - 18:40 AMT
Մոտ ժամանակներս Հայաստանը ձեռնամուխ կլինի «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության առաջին փուլին

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ողջունելով դեսպանին` Մանուկ Վարդանյանը նշել է, որ առաջիկայում հանրապետությունում կսկսվեն ճանապարհաշինարարական լայնածավալ աշխատանքներ, այդ թվում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման առաջին փուլը: Դեսպան Սեյեդ Ալի Սաղայանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանի ճանապարհաշինարարության, այդ թվում` «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցմամբ հետաքրքրված են նաև իրանական կազմակերպությունները` իրենց իսկ ֆինանսավորմամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Երևան-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհին ցուցանակների բացակայության խնդրին և տեղեկացրել, որ դրա լուծման համար ներկայումս ծրագիր է մշակվում: Դեսպան Ս.Ա.Սաղայանը հատուկ ուշադրություն է հրավիրել այդ ճանապարհի Գորիսի հատվածում առաջացած սողանքի վրա, որի հետևանքով ճանապարհի որակը վատացել է: Նախարարը հայտնել է, որ խնդիրը գերատեսչության ուշադրության կենտրոնում է և արդեն պատրասվում է նախագիծ, որից հետո այս տարի կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ: Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաև «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի ընթացքը, մասնավորապես տեղեկացնելով, որ երկաթուղու կառուցմամբ հետաքրքրված են Ասիական զարգացման բանկը, Չինաստանը, Ռուսաստանը: Սակայն, ըստ նախարարի, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի խոսել ֆինանսավորման աղբյուրների մասին:

Դեսպանն անդրադարձել է երկկողմանի երթուղով ավտոբուսով ուղևորափոխադրումների քանակի ավելացմանը և անհրաժեշտ համարել ավելացնել երթուղիների քանակը: Բացի դրանից, երկուստեք կարևորել են նաև կապի և հեռահաղորդակցության ոլորտում արձանագրված հաջողությունները և քննարկել փոստի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները` այդ թվում համատեղ նամականիշերի թողարկումը: