19 մայիսի 2010 - 19:18 AMT
Օդետ Բազիլ. «Չավուշօղլուն հանդես է եկել ԵԽԽՎ շահերի դեմ»

Անընդունելի և դիվանագիտական արձանագրության կոպիտ խախտում է այն, որ ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ԵԽԽՎ-ն ներկայացնելով` համարձակվեց գործել որպես թուրք խորհրդարանական`ատելություն ցուցաբերելով այցելած երկրի հանդեպ: Նա հանդես չեկավ որպես նախագահ, ում բախտ էր վիճակված ունենալ բացառիկ հնարավորություն` ներկայացնելու այդպիսի ազդեցիկ և կարևոր կազմակերպություն: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net –ին ուղարկված բրիտանացի հրապարակախոս Օդետ Բազիլի նամակում:

«Եթե Թուրքիայի քաղաքացին ընտրվել է եվրոպական կազմակերպությունը ներկայացնելու համար, ապա նա պետք է հասկանա իր պարտականությունը` ծառայել միայն այն կազմակերպությանը, որը ներկայացնում է, այլ ոչ թե առաջնորդվել զգացմունքներով», - ընդգծել է Բազիլը:

Նա նաև նշել է, որ Եվրախորհուրդը բազում անգամ և պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը, և համապատասխան հայտարարություններ են հրապարակվել 1987, 2000, 2002 և 2005 թթ.:

«Չավուշօղլուի գործողությունները այսպիսի ազդեցիկ մի կազմակերպություն պաշտոնապես ներկայացնելիս, ազդում են ԵԽԽՎ դիրքորոշման և այդ կազմակերպության շրջանակներում ընդունած բանաձևերի վրա: Հրաժարվելով այցելել Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ, Չավուշօղլուն հանդես եկավ ԵԽԽՎ շահերի ու որոշումների դեմ և որպես Թուրքիայի շահերի պաշտպան», - ընդգծել է Բազիլը:

Նրա խոսքերի համաձայն, Չավուշօղլուին մինչև հոկտեմբեր պետք է հեռացնել պաշտոնից, քանի որ նա մտադիր է կրկին այցելել Հայաստան և կրկնակի վիրավորանք հասցնել: