20 մայիսի 2010 - 13:47 AMT
ԱՄՆ-ում զարմացած են Վուդրո Վիլսոնի կենտրոնի այն որոշմամբ, որով Ահմեդ Դավութօղլուին մրցանակ են շնորհում

Ամերիկացիները կոնգրեսականներին կոչ են անում վերանայել Վուդրո Վիլսոնի կենտրոնի վիճելի որոշումը, ըստ որի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին` հասարակության հանդեպ ունեցած ծառայությունների համար մրցանակ է շնորհվելու: Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (ANCA) հաղորդագրության մեջ:

ANCA-ի միջնորդությամբ, Մ.Նահանգների հայերը և այլազգի ներկայացուցիչները խորին հիասթափություն և զարմանք են հայտնում Վուդրո Վիլսոնի կենտրոնի ղեկավարության մտադրության` Դավութօղլուին մրցանակ շնորհելու առիթով, մի մարդու, որը բոլորովին վերջերս սպառնում էր ԱՄՆ-ին`Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Նամակում, որն ուղղված է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներին, ընդգծվում է, որ կենտրոնի այս որոշումը վիրավորում է Վ.Վիլսոնի գաղափարները, ով հայ ժողովրդի համար արդարություն էր փնտրում:

Վուդրո Վիլսոնի կենտրոնն իր տարեկան ֆինանսավորման մեկ երրորդ մասը ստանում է ԱՄՆ Կոնգրեսից: ԱՄՆ հայերը Ներկայացուցիչների պալատի անդամներին և սենատորներին կոչ են անում մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը և իրենց անհանգստությունը հայտնել անմիջականորեն Վուդրո Վիլսոնի կենտրոնի ղեկավարությանը: