20 մայիսի 2010 - 15:36 AMT
Այսօրվանից ՀՀ ճանապարհային ոստիկանությունը կաշխատի հատուկ ռեժիմով

Վերջին զանգի կապակցությամբ այսօրվանից ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ողջ երկրի տարածքում կաշխատի հատուկ ռեժիմով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Ըստ նրա, վաղը ՀՀ ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի օրն անցնի առանց ճանապարհային պատահարների: «Առավոտյան 08:15-ից պարեկային ծառայության մեքենաները կհերթապահեն բոլոր դպրոցների մոտ, իսկ 14:30-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները»,-հայտնել է Նորիկ Սարգսյանը` հավելելով, որ փողոցները փակ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ շրջանավարտները կգտնվեն հրապարակում:

Նա նաև կոչ է արել շրջանավարտների ծնողներին մեքենաների ղեկը չվստահել երեխաներին: «Բոլոր այն վարորդներն, ովքեր չեն ունենա վարորդական իրավունք, կտուգանվեն 10 000 դրամով, իսկ մեքենան կտեղափոխվի տուգանային հրապարակ»,-ասել է Սարգսյանը` հավելելով, որ 20 000 դրամով կտուգանվեն այն մարդիկ, որոնք մեքենա կտրամադրեն շրջանավարտներին: Ըստ նրա, անցյալ տարի շրջանավարտների հետ կապված ոչ մի ՃՏՊ չի գրանցվել: