Գերմանիան կաջակցի Հայաստանում իրականացվող անվտանգության ոլորտի բարեփոխումներին

Գերմանիան կաջակցի Հայաստանում իրականացվող անվտանգության ոլորտի բարեփոխումներին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17–20-ն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Առաջին հանդիպումը կայացել է հետախուզական ծառայությունների համակարգող Հանս Վորբեքի հետ: Քնարկվել են այս ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:

Արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության հանձնակատար Մինխտ Էբեռհարդ Փոլի հետ քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մինխտ Էբեռհարդ Փոլի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ:

Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ներքին գործերի, պաշտպանության պետքարտուղարների հետ անցել են փոխըմբռնման մթնոլորտում: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ հայ-գերմանական համագործակցությունը պաշտպանության ոլորտում բարձր մակարդակի է հասել: Պաշտպանության պետքարտուղար Թոմաս Կոսենդեյը բարձր է գնահատել հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի զինված ուժերում խորքային բարեփոխումներ են իրականացվում, եւ Հայաստանի համար խիստ կարեւոր է Գերմանիայի փորձի ուսումնասիրումը: Քննարկվել են ռազմական կրթության, ռազմաբժշկական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Ներքին գործերի նախարարության եւ Դաշնային ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը երկու երկրների արտակարգ իրավիճակների եւ ոստիկանության մարմինների միջեւ: Կարեւորվել է իրավապայմանագրային բազայի ստեղծումը, որն ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի երկու երկրների համապատասխան կառույցների միջեւ համագործակցությունը: Առաջիկայում կստորագրվի համագործակցության համաձայնագիր Գերմանիայի եւ Հայաստանի ոստիկանության մարմինների միջեւ:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների հետ, ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ:

Այցի ավարտին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում կայացել է Արթուր Բաղդասարյանի թեմայով շնորհանդես, որին մասնակցել են Գերմանիայի արտաքին գործերի, պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների, գիտական, քաղաքական, փորձագիտական դաշտի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների տեսլականը, պատասխանել ներկաներին հուզող բոլոր հարցերին: Գերմանական կողմը բարձր է գնահատել բարեփոխումների հիմնական ուղղությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցել իրականացվող բարեփոխումներին, հայտնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---