20 մայիսի 2010 - 19:37 AMT
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դևեջյանին «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի իրականացման մեջ ներդրած ավանդի համար

Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Տնտեսական վերելքի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` նախարարՆալբանդյանըգոհունակություն հայտնեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և կարևորեց Պատրիկ Դևեջյանի անձնական կարևոր ներդրումը այդ հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:

Պատրիկ Դևեջյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում իր ղեկավարած Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից Տավուշի մարզի զարգացմանն աջակցող ծրագրերի իրականացման շրջանակներում: Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը 2008 թ. սկսել է Տավուշի մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո իրականացվող ծրագրերին Պատրիկ Դևեջյանի ղեկավարած դեպարտամենտի մասնակցության համար` ընդգծելով, որ դա հայ-ֆրանսիական օրեցօր ընդլայնվող համագործակցության ևս մեկ վկայությունն է:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ, ակտիվորեն զարգանում է նաև ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները և իրականացվող համատեղ ծրագրերը: