Էդվարդ Նալբանդյան. Հայ-արգենտինյան հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում

Էդվարդ Նալբանդյան. Հայ-արգենտինյան հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին հարաբերությունների, առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-արգենտինական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում, դա է վկայում նախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց իր արգենտինացի գործընկերոջը Արգենտինայի անկախության 200-ամյակի, ինչպես նաեւ Երեւանում դեսպանության բացման կապակցությամբ` նշելով, որ Հայաստանը եւս իր առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացել է Արգենտինայում:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Խորխե Տայանայի առաջին այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների արտաքին գերատեսչությունների գործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ընդարձակմանը: Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան քննարկեցին երկկողմ օրակարգում ընդգրկված հարցեր` նշելով, որ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք է բազմաթիվ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանման, մշակութային համագործակցության ակտիվացման ուղիների, տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Նախարարներն արձանագրեցին, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Արգենտինայի համագործակցությունը եւս բավական արդյունավետ է եւ հիմնված փոխադարձ աջակցության վրա: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ լատինաամերիկյան տարածաշրջանի խնդիրներին, Հայաստանի հարաբերություններին հարեւան երկրների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---