21 մայիսի 2010 - 15:33 AMT
Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ

Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսի Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտարարել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը: Ըստ նրա, Բաքուն ռազմատենչ հայտարարություններ է անում 1995 թվականից ի վեր, հույս ունենալով, թե Հայաստանը կվախենա և կհեռանա Ղարաբաղից: »Ես չեմ հասկանում, թե ինչի վրա է հույսը դրել Ադրբեջանը: Ինչ վերաբերում է «տարածքներ վերադարձնելու» հարցին, ապա այդ հարցն ուղղակի չի քննարկվում: Հայաստանի ոչ մի նախագահ ինքնասպան չէ, որպեսզի տարածքները վերադարձնելու մասին ինչ-որ փաստաթուղթ ստորագրի»,-ասել է Կռիլովը: Նա նշել է նաև, որ նույնիսկ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա կհայտնվի լիակատար մեկուսացման մեջ: «Ոչ ոք, նույնիսկ Թուրքիան, չի սատարի Բաքվին: Ես կարծում եմ, որ այդ մասին հարևան հանրապետությունում լավատեղյակ են»,-ասել է ռուս փորձագետը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմաը` Ալեքսանդր Կռիլոլը նշել է, որ դրանում շահագրգիռ են բոլոր առաջատար խաղացողները: «Դա զուտ ամերիկյան նախագիծ չէ, ինչպես շատերը կարծում են, դրանում շահագրգռված են Ռուսաստանը, Եվրոպան, իսկ առաջին հերթին Թուրքիան` ցույց տալու համար բոլորին իր «քաղաքակիրթ» լինելը: Սակայն այդ գործընթացն, ըստ իս, ի սկզբանե սխալ ընթացք ստացավ` սկզբում հարկավոր էր լուծել բոլոր հարցերը, հետո արդեն արձանագրությունները ստորագրել»,-ասել է Կռիլովը: