21 մայիսի 2010 - 19:40 AMT
Հայաստանի հակամենաշնորհային մարմինը և ԵԱՀԿ-ն կընդլայնեն հետագա համագործակցության շրջանակները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսին և երևանյան գրասենյակի տնտեսական հարցերով ազգային ծրագրերի համակարգող Տիգրան Սուքիասյանին, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

«Մրցակցության զարգացման ռազմավարության մշակման, օրենսդրության բարեփոխումների, աշխատակազմի մասնագետների վերապատրաստման, փորձագիտական խորհրդատվության, հանրային իրազեկման և մի շարք այլ ծրագրերի իրագործման համար Հանձնաժողովն ակնկալում է ԵԱՀԿ աջակցությունը»,- նշեց Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը:

«Ես հավատում եմ, որ Ձեր ղեկավարած Հանձնաժողովը հատուկ դեր ունի կատարելու Հայաստանի տնտեսությունում, պատրաստակամ ենք աջակցել մի շարք ծրագրերում, և ես կարծում եմ, որ որևէ համագործակցություն օգտակար կլինի, եթե այն համակարգված լինի: Ուստի, առաջարկում եմ հուշագիր ստորագրել, որը շատ լավ իրավական հիմք կլինի համագործակցության համար»,- նշեց ԵԱՀԿ դեսպան Ս. Կապինոսը:

Փոխադարձ համաձայնությամբ, հուշագիրը կկնքվի առաջիկա շաբաթ, որով կընդլայնվեն ՀՀ ՏՄՊՊՀ- ԵԱՀԿ հետագա համագործակցության շրջանակները: