21 մայիսի 2010 - 19:43 AMT
Բուլղարացի պատգամավորի պրոֆեսիոնալիզմի պակասը դարձավ Ղարաբաղի վերաբերյալ Եվրախորհրդարանի անհեթեթ բանաձևի պատճառը

Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը թերի է, նույնիսկ չնայած նրան, որ այնտեղ կան հայկական կողմի համար նաև բարենպաստ դրությներ: Այդ փաստաթղթում անհեթեթ մի կետ կա Ղարաբաղի վերաբերյալ, հիմնված բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցի վրա: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, զեկույցից պարզ է դառնում, որ Կիրիլովը իրազեկ չէ ղարաբաղյան խնդրին, երբեք չի եղել ԼՂՀ-ում և չի խորհրդակցել անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: «Եթե բուլղարացի պատգամավորը խորապես հետազոտեր խնդիրը, ապա կտեսներ , որ իրոք գոյություն ունի բռնազավթված տարածքների խնդիր, սակայն դա վերաբերում է Շահումյանին, Գետաշենին ու Մարդակերտին: Նա նաև կիմանար, որ Ադրբեջանն է սկսել ԼՂՀ բռնազավթումը, ոչ թե հակառակը»,-ասել է Շարմազանովը:

Նա նաև կոչ է արել եվրոպական պատվիրակություններին ուշադիր հետևել ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, քանի որ դա նրանց կօգնի հասկանալ, որ ժողովրդավարությունն Արցախում շատ ավելի բարձր է, քան Ադրբեջանում:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցան բանավեճեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ Եվրոպայի փոխհարաբերությունների շուրջ: Այդ թեմայով բանաձև ներկայացրեց բուլղարացի եվրապատգամավոր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին հարող Եվգենի Կիրիլովը: Փաստաթղթում անհանգստությում է արտահայտվում տարածաշրջանում ռազմական ծախսերի աճի հետ կապված և կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Եվրախորհրդարանը կոչ արեց կողմերին ակտիվացնել խաղաղ բանակցությունները տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: «ԵՄ-ը վճռականապես դատապարտում է ուժի կիրառման հնարավորությունն այդ հակամարտության լուծման համար, դրա կիրառումն արդեն բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի վրա և լուրջ հետևանքներ է առաջացրել տեղի բնակչության համար,- ասվում է բանաձևում: - Երկու կողմերն էլ պետք է անպայման հավատարիմ մնան 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին»: Պատգամավորներն անհագստություն են արտահայտել այն առիթով, որ «հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ նրանց իրավունքները, ներառյալ վերադարձի, սեփականության և անձնական անվտանգության իրավունքը, ոտնահարվում են: «Մենք կոչ ենք անում հաշվի առնել տեղահանված մարդկանց շահերը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել են նրանք: