24 մայիսի 2010 - 15:50 AMT
Բջջային կապից օգտվելու էթիկայի սկզբունքներին ծանոթացել են Հայաստանի 493 դպրոցների 3930 աշակերտներ

«Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրին մասնակցեցին Հայաստանի 493 դպրոցների 3930 աշակերտներ: Ինչպես PanARMENIAN.Netհաղորդեցին «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) մամլո ծառայությունից, դպրոցականները բջջային կապից օգտվելու էթիկայի սկզբունքներին ծանոթացան: Ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ անց են կացվել «Բջջային գրագիտության» դասեր մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում: Այնուհետև հայտարարվել է լավագույն շարադրություն մրցույթ:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև «ԱրմենՏել» ընկերության և «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը ներկայացված 2171 շարադրություններից ընտրեց լավագույն աշխատանքները: Մայիսի 24-ին «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն պարգևատրեց «Բջջային գրագիտություն» թեմայով շարադրության մրցույթի հաղթողներին:

«Հաշվի առնելով հեռահաղորդակցման ոլորտի համընթաց զարգացումը և հավատարիմ մնալով կրթական ծրագրերին օժանդակելու մեր ռազմավարությանը, որն իրականացվում է լուսավոր ապագա կարգախոսի ներքո, մենք կշարունակենք աջակցել երեխաների իրազեկման բարձրացման ծրագրերին, որոնք ուղղված են կապի տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: